ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Իսրայելը հայտարարել է, որ դադարեցնում է մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված՝ նախազգուշացնելով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը «հետագա հետևանքների» մասին, եթե վերջինս չընդունի Գազայի հատվածում հրադադարը երկարաձգելու առաջարկը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նեթանյահուի հայտարարությունը տարածել է նրա գրասենյակը։
Իսրայելի վարչապետը հայտնել է, որ իրենք կատարել են հրադադարի համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունները և մարտի 2-ից որոշել են կասեցնել Գազայի հատված ապրանքների և մատակարարումների մուտքը։
Ըստ Նեթանյահուի՝ ՀԱՄԱՍ-ը խախտում է հրադադարի համաձայնագրի առաջին փուլի պայմանավորվածությունները, և չի ազատում իսրայելցի պատանդներին։
«Եթե ՀԱՄԱՍ-ը շարունակի հետևել այս դիրքորոշմանը և ազատ չարձակի մեր պատանդներին, ապա լրացուցիչ հետևանքներ կլինեն, որոնք ես այստեղ չեմ մանրամասնի», - կառավարության նիստից առաջ հայտարարել է Նեթանյահուն։
Նա նշել է, որ այս քայլը նպատակ ունի ստիպել ՀԱՄԱՍ-ին ընդունել Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի նոր առաջարկը հրադադարի և պատանդների ազատ արձակման համաձայնագրի առաջին փուլի երկարաձգման վերաբերյալ։
Նեթանյահուն նաև նշել է, որ, ըստ իսրայելական հետախուզության տվյալների, ՀԱՄԱՍ-ը շարունակում է պատանդ պահել 59 իսրայելցիների, որոնցից առնվազն 35-ը ողջ չէ։
Ըստ Asharq Al-Awsat պարբերականի՝ ՀԱՄԱՍ-ն իր հերթին հայտարարել է, որ Նեթանյահուի որոշումը Գազայում հումանիտար օգնության մուտքը դադարեցնելու վերաբերյալ «էժանագին շանտաժ է, պատերազմական հանցագործություն և բացահայտ հեղաշրջում» հրադադարի համաձայնագրի դեմ։
ՀԱՄԱՍ-ը նաև միջնորդներին կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ դադարեցնելու պատժիչ միջոցառումները Գազայի հատվածում՝ ավելացնելով, որ Նեթանյահուն «ապակողմնորոշիչ մեղադրանքներ է ներկայացնում ՀԱՄԱՍ-ի դեմ, որոնք անհիմն են և համաձայնագրի՝ իր կողմից ամենօրյա և համակարգված խախտումները քողարկելու անհաջող փորձ»:
Արաբական մի շարք երկրներ, այդ թվում՝ Եգիպտոսը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Հորդանանը հանդես են եկել Իսրայելի որոշման դեմ՝ նշելով, որ դա համաձայնագրի կոպիտ խախտում է։
2025 թ․ հունվարի 19-ին ուժի մեջ մտած հրադադարի համաձայնագրի առաջին փուլի ընթացքում ՀԱՄԱՍ-ը Իսրայելին է հանձնել 33 պատանդի, իսկ Իսրայելն ազատ է արձակել մոտ 2000 պաղեստինցի բանտարկյալի և հետ է քաշվել Գազայի հատվածի որոշ վայրերից: Բանակցությունների երկրորդ փուլով նախատեսվում է պատերազմի ամբողջական ավարտ, Գազայում մնացած բոլոր պատանդների ազատ արձակում և Գազայի հատվածից իսրայելական ուժերի դուրսբերում: Համաձայնագրի գործողության վեց շաբաթվա ընթացքում կողմերից յուրաքանչյուրը մյուսին մեղադրում է համաձայնագիրը խախտելու մեջ։ Պատերազմի ընթացքում պաղեստինցի զոհերի թիվը գերազանցել է 48 000-ը, տեղահանվել է Գազայի գրեթե ողջ բնակչությունը և տարածքի մեծ մասը վերածվել է փլատակների։
Իսրայելը պաղեստինյան անկլավում ռազմական գործողություններ էր սկսել 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո, որի հետևանքով սպանվել էր 1200 մարդ, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել:
--00--ԱՀ