Մարտի 31-ին հայտնի կդառնա կենսաչափական փաստաթղթերը թողարկող ընկերության անունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

01-19-800x53

«ՀՀ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի» մրցութային փուլի շրջանակում տեղի է ունեցել ստացված հայտերի ֆինանսական առաջարկների բացման նիստը: Նիստը նախագահում էր Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:

Որպես հրավիրյալներ ներկա էին AUGENTIC GmbH and Imprensa Nacional Casa da Moeda, S.A. և IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումների՝ ոլորտում առաջատար միջազգային ընկերությունների լիազոր ներկայացուցիչներ:

Պետություն-մասնավոր գործընկերություն ծրագրի ընթացակարգի և առաջարկի հարցման պահանջներին համապատասխան՝ ֆինանսական առաջարկների բացման և գրանցման գործընթացն իրականացվել է թափանցիկ:

Հայտատու երկու ընկերությունների ներկայացրած ֆինանսական առաջարկները համապատասխանել են առաջադրված պահանջներին և չափորոշիչներին։ Ըստ այդմ՝ նախատեսվում է հայտերի վերջնական գնահատում իրականացնել մինչև մարտ ամսվա վերջ։

Մարտի 31-ին հայտնի կդառնա հաղթող ընկերության անունը, որն էլ կներդնի կենսաչափական փաստաթղթերի թողարկման նոր ենթակառուցվածքը, այդ թվում՝ շենքային պայմանների, գրասենյակների հիմնում, սերվերային տնտեսություն, տպագրական սարքավորումներ, ծրագրային լուծումներ և տեխնիկական վերազինում։

Ըստ նախատեսված ժամանակացույցի՝ 2026 թ. երկրորդ կիսամյակում արդեն Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը։

--00—ՅՄ