Արդշինբանկը ճանաչվել է ՀՀ լավագույն բանկը 4 անվանակարգերում՝ ըստ Global Banking & Finance Review-ի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News 

1

 Բրիտանական Global Banking & Finance Review ֆինանսական ամսագիրը Արդշինբանկը ճանաչել է 2025 թվականի Հայաստանի լավագույն բանկը միաժամանակ չորս անվանակարգերում. լավագույն կորպորատիվ բանկ, լավագույն բանկ կորպորատիվ և սոցիալական պատասխանատվության (CSR) ոլորտում, լավագույն փրայվիթ բանկ և լավագույն մանրածախ բանկ։

Global Banking & Finance Awards-ը միջազգային մրցանակաբաշխություն է, որի շրջանակում ամեն տարի գնահատվում են ֆինանսական ոլորտի առաջատար կազմակերպությունները՝ հիմնվելով շուկայի մասնաբաժնի, նորարարական մոտեցումների, սպասարկման որակի, հեղինակության և կայուն զարգացման ցուցանիշների վրա:

Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը շնորհակալություն է հայտնել ամսագրին՝ բանկի կատարած աշխատանքի բարձր գնահատականի համար․

«Մեր առջև դրված բոլոր խնդիրները հաջողությամբ իրագործվել են։ Միաժամանակ չորս անվանակարգերում հաղթանակը վկայում է մեր թիմային աշխատանքի արդյունավետության և կայուն ռազմավարության մասին։ Մեզ համար հատկապես կարևորվում է այն փաստը, որ արդեն հինգերորդ տարին անընդմեջ ճանաչվում ենք լավագույն փրայվիթ բանկ, և արդեն երրորդ տարին լավագույնը՝ մանրածախ բանկինգի ոլորտում։ Սա վկայում է մեր հաճախորդների և գործընկերների վստահության բարձր մակարդակի մասին։

Կորպորատիվ սեգմենտում մենք շարունակելու ենք ընդլայնել արտադրանքների ու ծառայությունների տեսականին, բարձրացնել սպասարկման որակը և խթանել թվայնացումը։ Առանձին ուզում եմ ընդգծել նաև ԿՍՊ ոլորտում ստացած մրցանակը, որը շեշտում է մեր հավատարմությունը կայուն զարգացման սկզբունքներին և սոցիալական պատասխանատվությանը»։

Global Banking & Finance Review-ի գլխավոր խմբագիր Վանդա Ռիչի խոսքով՝ լավագույն բանկերի ընտրության ժամանակ հաշվի են առնվում ոչ միայն ֆինանսական ցուցանիշները, այլև հաճախորդների գոհունակության մակարդակը և երկարաժամկետ վստահելի հարաբերությունների հաստատման կարողությունը։

Global Banking & Finance Awards-ը հիմնադրվել է 2011 թվականին և ընդգրկում է ֆինանսական ոլորտի մի շարք ուղղություններ, այդ թվում՝ բանկային գործ, կորպորատիվ և իսլամական ֆինանսներ, ակտիվների կառավարում, հարկային ու աուդիտային ծառայություններ, ինչպես նաև միավորումներ ու ձեռքբերումներ։

***

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի շուրջ 390.000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 1.900-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 65 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։

Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։ Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:

 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

--00—ԱՊ