ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
ՀՀ գլխավոր դատախազությունը հաստատել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկվել է դատարան։
Այդ մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ ասել է ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Երրորդ նախագահի գործով նախաքննությունն ավարտվել էր տարեսկզբին։ Գործով ձեռք բերված ապացույցները Հատուկ քննչական ծառայությունը բավարար էր համարել մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար։ Պաշտոնաթող նախագահին մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակությունը կազմակերպելու համար ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել 2019-ի դեկտեմբերի 4-ին: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Սերժ Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում։