ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News
ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում չընդգրկելը քաղաքական որոշում է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Այո, սա քաղաքական որոշում է, ի՞նչ կա այդտեղ զարմանալու։ Քաղաքական որոշում է կայացվել՝ մեզ պետք են իրավաբան գիտնականներ», - ասել է Բադասյանը։
Բադասյանն ասել է, թե նախընտրությունը տրվել է իրավաբան գիտնականներին և ՀԿ ներկայացուցիչներին, թեկնածուներ ընտրելիս հաշվի չեն առնվել նրանց ընդդիմադիր կամ իշխանամետ լինելը։
«Այնտեղ պետք է իրավաբան գիտնականներ և ՀԿ ներկայացուցիչներ լինեին: Գնահատում ենք Արփինե Հովհաննիսյանի անկեղծ մղումները, բայց չենք ուզում այս քայլով ցույց տալ, թե իր օգնության կարիքն ունենք կամ չունենք», - ասել է նա:
ԱՆ ղեկավարն ասել է, որ կասկածի տակ չի դնում Հովհաննիսյանի մասնագիտական գիտելիքները, բայց հանձնաժողովում ընդգրկված անձինք չունեն քաղաքական պատկանելիություն:
Ըստ Բադասյանի՝ հանգամանքը՝ Արփինե Հովհաննիսյանի հայտում նշված է եղել, որ նա նախորդ սահմանադրական փոփոխությունների աշխատանքներին է մասնակցել, դրական գնահատական չի կարող ունենալ։
Հարցին, թե արդյոք Հովհաննիսյանին հանձնաժողովի աշխատանքներում չներառելը պայմանավորված է միայն այդ հանգամանքով, և ով մասնակցել է 2015 թվականին սահմանադրական փոփոխությունների աշխատանքներին, չի կարող ընդգրկվել ներկայում կազմավորվող հանձնաժողովի աշխատանքներում, նախարարը պատասխանել է․
«Ոչ թե ով 2015-ին մասնակցել է աշխատանքներին չի կարող հիմա մասնակցել, այլ այդ հանգամանքը այս փուլի ընտրությունների համար դրական չէր կարող համարվել»։