Հայաստանը ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 64-րդ նստաշրջանը նախագահող երկիրն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

.

ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի նախագահությամբ մարտի 9-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 64-րդ նստաշրջանի բացման նիստը, որին ելույթ են ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Թիջջանի Մուհամմադ Բանդեն, ՄԱԿ-ի մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, երիտասարդության և քաղաքացիական հասարակության պատվիրակներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Կանանց հարցերով 4-րդ համաշխարհային համաժողովի՝ Պեկինի հռչակագրի և Գործողությունների հարթակի ընդունման 25-ամյա հոբելյանին նվիրված նիստի ընթացքում ընդունվեց Քաղաքական հռչակագիր, որում շեշտվում է կանանց և աղջիկների բոլոր իրավունքների և հիմնարար ազատությունների լիարժեք և հավասար իրացման, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կանանց մասնակցության, նրանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի դեմ պայքարի, արդարադատության մատչելիության ապահովման կարևորությունը և մի շարք այլ առանցքային ոլորտներում արդյունավետ գործողությունների անհրաժեշտությունը։ Հռչակագրում վերահաստատվում է կանանց և աղջիկների առաջխաղացման կարևորությունը ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների իրականացման համար:

Իր ողջույնի ուղերձում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը կարևորեց անդամ պետությունների կողմից գենդերային հավասարության հասնելու, բոլոր կանանց և աղջիկների առաջխաղացման և ամենուրեք նրանց իրավունքների իրացման ընդհանուր նպատակին հասնելու իրենց քաղաքական կամքի և հստակ հանձնառության հաստատումը։ Դեսպան Մարգարյանն ընդգծեց հանրային կյանքում կանանց առանցքային դերը, որոնք եղել են հեղափոխական վերափոխումների առաջին շարքերում՝ հանդիսանալով խաղաղ և հարատև փոփոխությունների երաշխավորներ։

ՀՀ մշտական ներկայացուցչի ուղերձը հասանելի է Կանանց կարգավիճակի հանձնաժողովի  կայքում՝ https://www.unwomen.org/en/csw/csw64-2020։