ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ժնեւյան գրասենյակի երկու աշխատակից վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին երեքշաբթի Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ խոսնակ Քրիստիան Լինդմայերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Գրասենյակի մեր գործընկերները հետազոտվել են, եւ մենք սպասում ենք լրացուցիչ տեղեկությունների: Նրանք երկուսն էլ տանն են եւ ինքնամեկուսացվել են»,- ասել է Լինդմայերը: Նա հիշեցրել է, որ ներկայումս ԱՀԿ գլխավոր շտաբի բոլոր աշխատակիցները տնից են աշխատում:
Երեքշաբթի լրագրողների համար ճեպազրույցն առաջին անգամ անցկացվում էր միայն հեռուստակապի միջոցով` Շվեյցարիայում կորոնավիրուսի տարածման պատճառով: Շվեյցարիայի իշխանությունները եւ ՄԱԿ-ի ժնեւյան շտաբի ղեկավարությունը միջոցներ են ձեռնարկել զանգվածային իրադարձությունները սահմանափակելու համար: Ժնեւում ավելի քան 5 մարդու մասնակցությամբ հավաքներն արգելվում են:
Շվեյցարիայում ավելի քան 2200 դեպք է գրանցվել: Այս պահին հայտնի է 21 մարդու մահվան մասին: Երկրում առաջին դեպքը հայտնաբերվել էր փետրվարի 25-ին: