Ճանապարհային ոստիկանները հետապնդել ու բռնել են գրպանահատին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News 

Մարտի 18-ին թիվ 42 երթուղու ավտոբուսի սրահում ինչ-որ մեկը հափշտակել էր ուղևորուհիներից մեկի դրամապանակը։ Իջնելով ավտոբուսից՝ կինը Գայի պողոտայի կանգառներից մեկում նկատել էր, որ դրամապանակը չկա։

«Ծառայություն էինք իրականացնում Գայի պողոտայի այս հատվածում, երբ մի կին մոտեցավ և հայտնեց, որ ավտոբուսներից մեկում գողացել են իր դրամապանակը։ Այդ պահին նա հաղորդագրություն ստացավ, որ Լվովյան 3/1 հասցեի բանկոմատից փորձում են իր քարտից գումար կանխիկացնել։ Մենք շտապ նստեցինք մեր ծառայողական մեքենան՝ կնու հետ միասին, և մոտեցանք նշված հասցե», - նշեց ճանապարհային ոստիկանության տեսուչ Դավիթ Քարիմյանը։

Բանկոմատի դիմաց ճանապարհային ոստիկանները ոչ մեկի չհայտնաբերեցին, բայց․․․ «Փողոցի այս հատվածում տեսանք մի երիտասարդի, որը վազելով բարձրանում էր այս աստիճանները։ Մենք մեքենայով ընդառաջ գնացինք դեպի աստիճանները և հենց այս շենքի բակում բռնեցինք նրան»։

Բռնվելուց հետո գրպանահատի մոտ հայտնաբերվեց կնոջ դրամապանակը։ Նա բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Պարզվեց ինքնությունը՝ Սարի թաղի 33-ամյա բնակիչ էր։

Գողոնը վերադարձվել է կնոջը։

Հանգամանքները պարզվում են։

Նախապատրաստվում են նյութեր։