ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Կորոնավիրուսը տարածվել է աշխարհի 202 երկրում: Վարակվածների թիվն անցել է 600 հազարը:
Հունաստանում, օրինակ, վերջին տվյալներով, կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 966-ի, 28 մահվան դեպք է գրանցվել։ 52 մարդ բուժվել է։
«Լարված իրավիճակ է, փողոցները դատարկ են, գրեթե մարդ չկա: Մարդիկ առանց ձևաթղթի դուրս չեն գալիս տնից», - այս մասին 24News-ին պատմեց Հունաստանի Քսանտի քաղաքում բնակվող մեր հայրենակիցը:
Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Հունաստանում սահմանափակվել է մարդկանց տեղաշարժը։ Նրանք, ովքեր խախտում են սահմանված պահանջները, ձերբակալվում կամ տուգանվում են։
Մյուս երկրում՝ Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 2500-ը: Վարակվել է ավելի քան 35 հազար բնակիչ:
Իրանի Սպահան քաղաքի բնակիչներից Նադեր Փակնահադը 24News-ի հետ զրույցում պատմեց, որ քաղաքում սահմանափակված է մարդկանց տեղաշարժը, փողոցներում և այգիներում անցորդներ չկան։ Նա նաև հույս հայտնեց, որ աշխարհը կկարողանա պայքարել համաճարակի դեմ:
Նշենք, որ Իրանը համարվում է կորոնավիրուսից աշխարհում առավել տուժած երկրներից մեկը:
Ի տարբերություն մյուս երկրների՝ Ռուսաստանում դեռ չեն շտապում արտակարգ դրություն հայտարարել։
Տեղի բնակիչների տրամադրած տեսանյութերում երևում է, որ Մոսկվայում փողոցները շարունակում են մարդաշատ լինել։ Մետրոյում և այլ վայրերում մարդկանց մեծ մասը տեղաշարժվում է առանց դիմակների և ձեռնոցների:
Տեղեկացնենք, որ Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման նոր 182 դեպք, որոնցից 136-ը՝ Մոսկվայում: Ընդհանուր առմամբ, վարակվածների թիվը հասնում է 840-ի, որոնցից 546-ը՝ Մոսկվայում։
Կորոնավիրուսը հասել է նաև Նորվեգիա:
Տեղի բնակիչներից մեկը 24News-ին տրամադրել է մի քանի տեսանյութեր, որում երևում են Նորվեգիայի դատարկ փողոցները:
Վերջին տվյալներով՝ Նորվեգիայում 3970 մարդ վարակվել է կորոնավիրուսով, գրանցվել է 20 մահվան դեպք:
Սոնա Գրիգորյան