ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
Որևէ միջազգային կառույց չի կարող զրկել Քաղավիացիայի կոմիտեին իր իրավասությունների իրականացումից: Տարածվող լուրերը որևէ կապ չունեն իրականության հետ. հերքում եմ: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ուղիղ տեսակապի միջոցով հայտարարեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
«Խոսքն այն մասին է, որ Հայաստանում գրանցված ավիաընկերություններից ժամանակավոր վերցրել են դեպի Եվրոպա չվերթներ իրականացնելու թույլտվությունը»,-ասաց նա:
Տաթևիկ Ռևազյանն ասաց, որ պարզաբանումներ են խնդրելու Եվրոպայի գործընկերից․
«Մենք հիմա ուզում ենք պարզաբանում ստանալ եվրոպական կողմից, թե ինչու են այդ որոշումն այդքան արագ կայացրել: Մենք հիմա նամակ ենք պատրաստում մեր գործընկերներին ուղարկելու համար, որ պարզենք, թե ինչու է այդքան արագ կայացվել այդ որոշումը»,-նշեց Ռևազյանը:
Քաղավիացիայի կոմիտեի նախագահ ընդգծեց, որ այս իրավիճակը մեր հեղինակության համար վատ է, բայց լուրջ ազդեցություն չի կարող ունենալ չվերթների քանակի վրա: