ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
Գողության դեպքերը աճել են 1881-ով կամ 21,3 %-ով, բնակարանային գողությունների դեպքերը՝ 257-ով կամ 17,9 %-ով, խարդախության դեպքերը՝ 116-ով կամ 7,6 %-ով, իսկ յուրացման կամ վատնման դեպքերը՝ 84-ով կամ 15,5 %-ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության՝ 2019 թվականի գործունեության զեկույցից:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ինչպես ընդհանուր հանցագործությունների, այնպես էլ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների զանգվածում, ինչպես և նախորդ տարիներին, զգալի տեսակարար կշիռ են կազմում և որոշակիորեն անհանգստացնող են անձնական գույքի հափշտակությունների, մասնավորապես` գողությունների, այդ թվում՝ բնակարանային գողությունների դեպքերը: Հանրապետության տարածքում գրանցված 26․850 հանցագործության դեպքերի զանգվածում անձնական գույքի հափշտակությունների 12․737 դեպքերի տեսակարար կշիռը կազմում է 47.4 %, իսկ սեփականության դեմ ուղղված հանցագործություններինը՝ 89.7 %-ը: Արձանագրվել է նաև գողության դեպքերի աճ 1881-ով կամ 21․3 %-ով՝ նախորդ տարվա 8851-ի դիմաց, հաշվետու տարում արձանագրվել է այդպիսի 10․732 դեպք։
2019 թ․ ընթացքում մանրամասն ուսումնասիրվել են գողության դեպքերի շարժընթացում տեղի ունեցած փոփոխությունները, մասնավորապես, դրանց զգալի աճի 21 պատճառների բացահայտման նպատակով: Արդյունքում պարզվել է, որ գողության դեպքերը հիմնականում կատարվել են հագուստի խանութներում, հասարակական տրանսպորտում և զվարճանքի վայրերում քաղաքացիների դրամապանակների, բջջային հեռախոսների, ինչպես նաև բակերում և կայանատեղերում կայանված ավտոմեքենաների վրայից, դրանց սրահներից տարբեր տեսակի իրերի գաղտնի հափշտակության ձևով: