ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին տեսազանգի միջոցով խոսել է Դպրեվանքի տեսուչ հոգևորականի հետ, վերջինս նրան հայտնել է կորոնավիրուսի օրերին Դպրեվանքում տիրող իրավիճակը: Տեսանյութը հրապարակվել է «Կիլիկիա TV»-ի ֆեյսբուքյան էջում:
Դպրեվանքի տեսուչը հայտնել է, որ այն օրերին փակված է, բայց դասերը տեղի են ունենում առցանց, նյութերը ուղարկվում են առցանց:
«Ուսուցիչների հետ խորհրդակցեցինք և ուսուցիչները տներից հանձնարարություններ կտան, աշակերտներին մենք կփոխանցենք, նրանք էլ ավարտելուց հետո մեզ կտրամադրեն: Կփորձենք այս վիճակից նվազագույն վնասներ կրել եւ ուսումնական տարուց հետ չընկնել»,- ասել է նա:
Արամ Ա-ն հետաքրքրվել է նաև՝ պարենի տեսանկյունից խնդիրներ կան, հոգևորականը պատասխանել է, որ առայժմ ոչ մի խնդիր չեն ունեցել, աշակերտները նորմալ սնվում են:
Կաթողիկոսը, որը նաև «Աստվածաբանություն» առարկա է դասավանդում Դպրեվանքում, ասել է, որ կարոտել է իր այցելություններն ու դասերը:
«Կարոտել եմ ձեր այցելություններին և խրատներին, որ չոեքշաբթի օրերում կլսեինք»,- ի պատասխան՝ հավելել է Դպրեվանքի հոգևորականը:
Կաթողիկոսը նաև ասել է, որ Դպրեվանքի աշակերտներն անգլերենին, ֆրանսերենին և արաբերենին պետք է առաջնություն տրվի՝ առաջնություն տալով հայերենին: