ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի կալանավորման ժամկետը: Այդ մասին 24News-ին տեղեկացրին ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Տեղեկացնենք, որ Նարեկ Սարգսյանի կալանավորման ժամկետը ևս մեկ անգամ երկարաձգվել էր փետրվարի 14-ին, ինչից հետո նախաքննական մարմինը դարձյալ միջնորդություն է ներկայացրել դատարան, որն էլ այն բավարարել է:
Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ հարուցվել էր 2018թ.-ի հունիսի 26-ին, այնուհետև հուլիսի 6-ին նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: 2019 թվականի դեկտեմբերի 21-ին Նարեկ Սարգսյանը ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից Հայաստան տեղափոխվեց, ինչից հետո դատարանը բավարարել էր նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ միջնորդությունը։
Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, ինչպես նաեւ՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու համար:
Սոնա Գրիգորյան