ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
2018թ. հոկտեմբերին Շվեյցարիայի հանրային հեռուստառադիոընկերությանը (RTS) տված հարցազրույցում նախագահ Արմեն Սարգսյանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին իր ուղերձի վերաբերյալ հարցին ի պատասխան, ասում է, թե պատրաստ է երկխոսության և հղում է անում իր քրիստոնեական համոզմունքներին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Նա չի բացառում, որ մի օր ներում կլինի, սակայն «ներումը գալիս է ճանաչումից հետո»․ «Ես նախ և առաջ կասեի Էրդողանին. «Բարի լույս, պարո՛ն նախագահ: Կարծում եմ՝ մենք միասին քննարկելու հարց ունենք: Դու Թուրքիայի նախագահն ես, իսկ ես՝ Հայաստանի: Իմ ընտանիքը, իմ նախնիները Էրզրումից, Վանից ու Բիթլիսից են: Իմ հին ընտանիքը պատմություն ունի: Ինչո՞ւ չխոսենք Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների մասին, ինչո՞ւ չխոսենք մեր անձնական պատմությունների մասին: Մենք պետք է խոսենք ոչ միայն պատմության, այլև ապագայի մասին՝ քո ու իմ երեխաների, թոռների ապագայի, մեր երկու ժողովուրդների մասին»: