ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News
Վրաստանի Մառնեուլ քաղաքում վարորդները թույլ են տվել կարանտինային կանոների կոպիտ խախտումներ: Այդ մասին հայտնել է Radio Marneuli-ն, փոխանցում է Новости Грузия-ն:
Հիշեցնենք, որ արդեն այսօրվանից Թբիլիսիում և Վրաստանի շրջաններում վերսկսվել են հասարակական տրանսպորտի աշխատանքները։ Նշենք, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ երթուղային տաքսիները, ավտոբուսներն ու մետրոպոլիտենը ավելի քան երկու ամիս չեն սպասարկել ուղևորներին:
Մառնեուլում, որտեղ բոլորովին վերջերս գործել է կարանտինային խիստ ռեժիմ, ավտոբուսների որոշ վարորդներ պոտենցիալ հաճախորդներին չկորցնելու համար սկսել են դիմակներ բաժանել այն քաղաքացիներին, որոնց մոտ դրանք չեն եղել: Պաշտպանիչ դիմակները ուղևորության ավարտից հետո խնդրել են հետ հանձնել. այդ նույն դիմակներն առաջարկվել են այլ ուղևորների:
Դեպքից հետո լրագրողները կապ են հաստատել Մառնեուլի ավտոբուսները կառավարող «Էքսպրես Տուրիստ» ընկերության տնօրենի հետ, որը հաստատել է տեղի ունեցածը՝ նշելով, որ վարորդներն արդեն նախազգուշացում են ստացել:
«Ես խոսել եմ նրանց հետ: Կարծում եմ, որ վաղվանից ամեն ինչ կարգին կլինի»,- հայտարարել է նա:
Նշենք, որ Վրաստանում, մայիսի 30-ի դրությամբ, գրանցվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք է, վարակակիր է 757-ը։ Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 12 մարդ, ապաքինվել՝ 600-ը: