Լոռիում ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24 News

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը:

Մայիսի 27-ին, ժամը 8-ի սահմաններում, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության ՊՊԾ դասակի ծառայողները Վանաձոր-Ալավերդի ճանապարհին ստուգել են Վանաձորի 29-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:



Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ մայիսի 23-24-ը Վահագնաձոր գյուղի հարակից անտառում բենզասղոցով ապօրինի հատել է մեկ ծառ:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:



Ապօրինի ծառահատման մեկ այլ դեպք էլ իրավապահները բացահայտեցին մայիսի 28-ին:

Ժամը 20.30-ի սահմաններում ոստիկանության ՊՊԾ դասակի ծառայողները Գուգարք գյուղում ստուգել են Լոռու մարզի Մարց գյուղի 52-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:

Մեքենան, փայտանյութով հանդերձ, դարձյալ տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:



Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Նշված դեպքերով նախապատրաստվում են նյութեր: