ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ մայրաքաղաքի մանկապարտեզների վերակառուցման և էներգաարդյունավետության ծրագիրը մտել է գործնական փուլ:
Մարությանը, մասնավորապես, գրել է.
«Հունիսի 2-ին Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակներում հայտարարվեց թվով 12 մանկապարտեզների սեյսմիկ ամրացման, էներգաարդյունավետության բարելավման և վերակառուցման մրցույթը:
Երևանն առաջին անգամ միջազգային դոնոր կազմակերպությունից՝ Եվրոպական ներդրումային բանկից ծրագրի իրականացման նպատակով վերցրել է ոչ սուվերեն վարկ:
Նախատեսում է Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհային ու Եվրոպական ներդրումային բանկի կողմից տրամադրված վարկային միջոցներն օգտագործել Երևան քաղաքի ենթակայությամբ գտնվող մի շարք մանկապարտեզների սեյսմիկ ամրացման, էներգաարդյունավետության բարելավման և վերակառուցման աշխատանքների իրականացման նպատակով:
Շինարարական աշխատանքները նախատեսվում ենք սկսել այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, որի իրականացումից հետո սեյսմակայուն, էներգաարդյունավետ և վերանորոգված մանկապարտեզները կհանձնվեն շահագործման՝ ապահովելով բարեկեցիկ պայմաններ մանկապարտեզ հաճախող մեր փոքրիկների համար»։