ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 11, 24News
Հունիսի 11-ի՝ ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժվում, 45-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այդ մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։
Ըստ աղբյուրի՝ հորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել մարզի 201 բնակիչ։ Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 758 քաղաքացի, նրանցից 118-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ 28 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 10 դեպք։
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 2803 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 10-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 1480 նմուշառման հետազոտություն։
Հիվանդության արձանագրման առաջին օրից մինչ հունիսի 10-ը ներառյալ Շիրակի մարզի 496 բնակչի մոտ է դրական ախտորոշում եղել։
--0—LՄ