ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 17, 24News
ԱԺ իմքայլական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.
«Հարգելինե՛ր, ես՝ Արսեն Ջուլֆալակյանս, 2002-ից մինչ այսօր ՀՀ-ում գործող առաջատար մարզիկներից մեկն եմ։ Նվաճել եմ Եվրոպայի, Աշխարհի և Օլիմպիական խաղերի 12 մեդալ (ևս 3 մեդալ պատանիների և 3-ը՝ երիտասարդների տարիքում...)։
Այդ տարիներին օրենքով նախատեսված կարգով պարգևատրվել եմ.
- պետությունից-կառավարություն,
-Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեից (ՀԱՕԿ),
-Միջազգային Օլիմպիական Կոմիտեից (ՄՕԿ),
-Ըմբշամարտի ազգային ֆեդերացիայից:
2002-2019 թթ. վերոնշյալ ինստիտուտները/կառույցները ղեկավարել են.
-նախագահներ - Ռոբերտ Քոչարյան (2002-2008), Սերժ Սարգսյան (2008-2018),
-վարչապետ-Նիկոլ Փաշինյան,
-ՀԱՕԿ- Գագիկ Ծառուկյան,
-ՄՕԿ - Թոմաս Բախ՝ մարզիկների սոլիդարության ծրագրով... (athlete’s solidarity program),
-Ըմբշամարտի Ազգային ֆեդերացիա - Սամվել Ալեքսանյան (2002-2008 թթ.), Սամվել Կարապետյան (2008-2016 թթ.), Ռոբերտ Խաչատրյան:
Այդ բոլոր կառույցներից ստացել եմ աշխատավարձ, պարգևավճար, հավելավճար, թոշակ, պարգևատրում։
Այդ կարգը գործել է բոլոր, ԿՐԿՆՈՒՄ ԵՄ, բոլոր տիտղոսակիր մարզիկների համար՝ առանց բացառության:
Նրանք, ովքեր հաղթել են, պարգևատրվել են, ովքեր պարտվել են, չեն պարգևատրվել (կներեք շատ պարզ գրելու համար...)։
Հարց. արդյոք մարզիկը ՊԱ՞ՐՏՔ Է նշված կառույցներին/ինստիտուտներին կամ դրանց ղեկավարներին, թե դա ուղղակի տվյալ մարզիկի հաղթանակների գնահատականն է այդ կառույցների/ինստիտուների կողմից։ Իսկ եթե պարտք է, ապա՝ կոնկրետ ու՞մ։
Մտածենք։
հ. գ. Միշտ նշել եմ ու կնշեմ. շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կարևորել ու գնահատել են իմ գործը և արժեքավորել այն։
հ. գ. 2 այս թեմային այլևս չեմ անդրադառնա, կարծում եմ՝ ամեն ինչ շատ պարզ է»,-գրել է Ջուլֆալակյանը։
Նշենք, որ հունիսի 16-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն և քրեական գործերում որպես մեղադրյալ ներգրավելուն կողմ է քվեարկել նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը:
--00--ԼՄ