ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News
Ռուսաստանի Դաշնության Պետդուման արձագանքել է Թուրքիայի իշխանությունների՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մտադրությանը։
Դուման հարցի շուրջ դիմել է Թուրքիայի խորհրդարանին՝ կոչ անելով խոհեմություն դրսևորել։ Այս մասին գրել է Ermenihaber-ը։
Թեմային արձագանքել են ՌԴ խորհրդարանի մի շարք պատգամավորներ։ Մասնավորապես Պետդումայի միջազգային հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին Թուրքիայի իշխանություններին հիշեցրել է, որ «այդ հարցը չափազանց կարևոր է քրիստոնեական աշխարհի համար»։
Դումայի բոլոր խմբակցությունները Թուրքիայի իշխանություններին կոչ են արել փոփոխության չենթարկել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի որոշումը՝ կապված Սուրբ Սոֆիայի տաճարի հետ։
Ռուս պատգամավորների կարծիքով պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի կանխվի քրիստոնեական աշխարհին հասցվելիք վնասը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխող կուսակցությունը և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տարիներին մի քանի անգամ օրակարգ են բերել Այա Սոֆիան կրկին մզկիթի վերեծոլու մասին խոսակցությունները՝ դրանք հաճախ վերածելով ընտրություններում իրենց ձայներն ավելացնելու գործիքի։ --0—ՄՀ