ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News
Հուլիսի 3-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնում կողոպուտի վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Տիգրան Մեծի պողոտայի և Մհեր Մկրտչյան փողոցի խաչմերուկում մի երիտասարդ պոկել էր անցորդներից մեկի պարանոցի ոսկյա կախազարդն ու փախել։ Մարդիկ հետապնդել էին, բայց կողոպտչին չէին կարողացել բռնել։
Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր։ Տուժողից հաղորդում ընդունեցին։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց։ Սկսվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Օրեր տևած հետևողական աշխատանքի արդյունքում Կենտրոնականի քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ կողոպուտը կատարել է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում բնակվող մի երիտասարդ։
Նրան հայտնաբերելու միջոցառումները ևս հաջողությամբ ավարտվեցին։ 26-ամյա երիտասարդը հայտնաբերվեց հենց Ջրվեժում և կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու տվեց խոստովանական ցուցմունք։
Գողոնը հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։
--0--ԱՀ