ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News
«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՌԴ-ում հայկական ծիրանի իրացման խնդրին։ Նա մասնավորապես նշել է․
«Նախապես ներողություն եմ խնդրում ծիրանի շուրջ համազգային ոգևորության վրա սառը ջուր լցնելու համար, բայց ցավոք ՌԴ-ում հայկական ծիրանի իրացման հարցը լուծված չի: Ռուսաստանում ապրող հայերի հայրենասիրության հաշվին հնարավոր է լուծել մի քանի օրվա ծիրանի իրացման խնդիր:
Ծիրանի և ընդհանրապես հայկական գյուղմթերքի իրացման խնդիրը կարող է լուծել միայն Հայկական ՊԵՏՈՒԹՅԱՆ ջանքերով։
Հայկական գյուղմթերքի խնդիրը մեր «կիրթ» հարևանները առաջացրել են իրենց պետության ջանքերով, ըստ այդմ խնդրի ֆեւնդամենտալ լուծմանը հնարավոր է հասնել, եթե հայկական գյուղմթերքի հետևում կա պետություն, հայ գյուղացու հետևում կա պետություն, հայ գործարարի հետևում կա պետություն:
Մոսկվայում ծիրանի իրացման խնդիրը լուծող հայերի հետևում կա՞ պետություն: Ակնհայտ է, որ չկա: Առայժմ լուծումները ռուսաստանահայ գործարարների հայրենասիրության հույսով է: Դա գեղեցիկ է, բայց բավարար չի: Հիմնական խնդիրները դեռ առջևում են... »
Հիշեցնենք, որ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի որոշմամբ անվճար տարածք կտրամադրվի հայկական գյուղմթերքով բեռնատարներին «Բուխտա» մեծածախ առևտրի կենտրոնում, որը գտնվում է Մոսկվայի «Դմիտրովսկո մայրուղի 165» հասցեում:
Ինչպես ավելի վաղ նշել էինք, արդեն երկու օր էր Ռուսաստանի տարբեր քաղաքների և, մասնավորապես, Մոսկվայի գյուղմթերքների շուկայում առաջացել էր բավականին լուրջ խնդիր:
Մասնավորապես մեր հայրենակիցները Ռուսաստան տեղափոխած գյուղմթերքը չէին կարողանում իրացնել ռուսաստանյան շուկաներում: Ամենամեծ խնդիրն առաջացել էր Մոսկվայի «Ֆուդ սիթի» մեծածախ առևտրի շուկայում, որի կայանատեղիում երկու օր է կայանած էին հայաստանյան պետհամարանիշերով բեռնատարներ ՝ բեռնված գյուղատնտեսական մթերքներով և մասնավորապես՝ ծիրանով:
--0--AH