ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում «Տուն, մեքենա և վռնդված պաշտոնյան» վերտառությամբ տեսանյութ է հրապարակել, որում անդրադառնում է իր մասին տարածվող կեղծ լուրերին:
Խոսելով բնակարանի մասին՝ Սիմոնյանը նշում է, որ իր բնակարանը գնել է 2017 թ. Երիտասարդ ընտանիքներին աջակցության ծրագրով, պակասող գումարը կարողացել է լրացնել կնոջ հետ, հետագայում, քանի որ փոքր բնակարանները շատ ավելի կոմերցիոն են և հնարավոր է վարձով տալ, ու կահավորված է եղել, բավական լավ գնով վաճառել է ու գնել ավելի մեծ բնակարան, որը դեռ բավական դատարկ է, բայց անպայման կլրացնի:
Արձագանքելով նախկին իշխանավորների զարմանքին՝ իր ունեցվածքի հետ կապված, ԱԺ փոխխոսնակն ասում է.
«Զարմանալի է, որ ՀՀ ԱԺ պատգամավորը կարող է մի մեքենա կամ մի բնակարան ունենա իր ընտանիքի համար: Կարելի է մտածել՝ նախկին իշխանություններն ապրում են ավտոտնակներում»:
Սիմոնյանը հայտնում է, որ իր հայտնի կարմիր մեքենան, որի հետ կապված աղմուկ էր բարձրանում, վաճառել է 2020 թ.՝ մինչ համաճարակը և սահմանափակումները, այս փուլում դեռ մեքենա չունի, պատրաստվում է գնել, սակայն, իհարկե, ոչ 130-140 հազարանոց: Նրա խոսքով՝ մեքենայի գումարը գոյանալու է նախկին մեքենայի վաճառքից ստացված ու վարկային միջոցներից:
Խանութից վռնդվելու մասին լուրերի վերաբերյալ խոսելով՝ ԱԺ փոխխոսնակը նշում է.
«Այո, եթե կտեսնեք, որ ես կամ իմ այլ գործընկեր, կանոնները խախտելով կմտնենք խանութ , վռնդեք»:
--00--ԱԹ