ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Սահմանադրական կարգը տապալելու գործով դատական նիստի ժամանակ դատավոր Աննա Դանիբեկյանը մասնակի բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը և Քոչարյանին պատկանող գույքի մի մասը ազատեց կալանքից։
Գույքն ամբողջությամբ կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունը քննվում էր դռնփակ կարգով, ու չնայած որ որոշման հրապարակումը պետք է տեղի ունենար դռնբաց կարգով, այդուամենայնիվ, լրագրողներին թույլ չեն տվել ներս մտնել, ուստի դեռ հայտնի չէ՝ գույքի ո՞ր մասն է կալանքից ազատվել:
Ավելի վաղ Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդներրը և նրանց ներկայացուցիչները հայտարարել էինք, որ բոյկոտում են նիստերը և չեն մասնակցում դրանց ընթացքին։
Հիշեցնենք, որ նախորդ նիստին դատարանը պահանջել էր արգելանքի տակ գտնվող գույքի և բանկային հաշիվների վերաբերյալ ամբողջական տեղեկություն տրամադրել։ Նախորդ նիստին պաշտպանները ներկայացրել են պահանջված տեղեկանքները, և դատարանը շարունակել է աշխատանքը դռնփակ ռեժիմով։
--00—ԼՄ