ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News
«Հայոց ցեղասպանությունը չպետք է կրկնվի»,-նման հայտարարություն է արել Բունդեսթագի պատգամավոր Վալդեմար Հերդտը, գրում է eadaily.com-ը:
Նա դիմել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչին՝ խնդրելով ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիան ուղղված է Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ։
Բունդեսթագի պատգամավորը նաև հիշեցնում է, որ սա ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու պաշտոնական Բաքվի առաջին փորձը չէ: Նա կոչ է արել եվրոպական ինստիտուտների ներկայացուցիչներին դատապարտել Բաքվի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ և ձեռնարկել բոլոր միջոցները հակամարտությունը ռազմադաշտից դիվանագիտական հարթակ տեղափոխելու և ճգնաժամի քաղաքական հետաքննություն սկսելու համար։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը, խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները, այդ թվում՝ օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։
Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները թշնամուն հետ շպրտելու համար։ Մարտերը շարունակվում են:
--00—ԼՄ