ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի տարածած տեղեկատվությունը, թե իբր ադրբեջանական բանակի հարվածների հետևանքով Մարտունիի զորամասը լրիվությամբ շարքից հանվել է բացարձակ ապատեղեկատվություն է և իրականությանը չի համապատասխանում:
ՊԲ բոլոր զորամասերը շարունակում են մնալ շարքում և իրենց հստակ գործողություններով կործանիչ հարվածներ հասցնում նախահարձակ հակառակորդին:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։
Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։
Ադրբեջանի գործողությունների հետևանքով սեպտեմբերի 27-ին զոհվել է 31, սեպտեմբերի 28-ին՝ 53 զինծառայող։ Քաղաքացիական բնակչությանը հասցված հարվածների հետևանքով զոհվել է երկու քաղաքացի․ նրանցից մեկն 9 տարեկան աղջիկ է։ Վերջին տվյալներով վիրավորների թիվը մոտ 120 է։
--00—ՄՀ