ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Ադրբեջանական կողմն արդեն հարձակման թիրախ է դարձնում լրագրողներին: Այսօր հակառակորդի կողմից հարձակման են ենթարկվել հայ և օտարերկրյա լրագրողներ:
«Ադրբեջանական հրետակոծությունից վիրավորում է ստացել Արմենիա հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը: Խմբում եղել են այլ լրագրողներ»: Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
Արցախի Մարտունի քաղաքը, որտեղ աշխատում է «ՍիվիլՆեթի» հինգ հոգանոց նկարահանող խումբը, «Գրադի» հրետակոծության տակ է ընկել։
Լրագրող Թաթուլ Հակոբյանը հաղորդել է, որ իրենք չեն տուժել։ Հակառակորդը հարվածում է քաղաքացիական օբյեկտներին։
Մարտունիում ադրբեջանական զինուժի թիրախային կրակի տակ հայտնված լրագրողների խմբում է եղել նաև 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը։ Նա մեջքի շրջանում վիրավորում է ստացել, այս պահին գտնվում է հիվանդանոցի ճանապարհին։
«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողները հրետակոծության տակ են ընկել Արցախի Մարտունի քաղաքում, կա երկու վիրավոր, նախնական տվյալներով երկուսն էլ՝ Ֆրանսիայի քաղաքացի»:
«Дождь» հեռուստաընկերության տնօրենի տեղակալ Դմիտրի Ելովսկին նույնպես հրետակոծության տակ է հայտնվել, այս պահին նրան տեղափոխել են ռմբապաստարան։
Այս մասին էլ գրել է Sputnik գործակալությունը։
«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ավելի ուշ նշել է.
«Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենային: Զոհեր չկան»։
--00--ԱԹ