ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը տարածաշրջանային և միջազգային խաղացողներին կոչ է անում օգնել հասնելու կրակի շտապ դադարեցմանը հայ-ադրբեջանական հակամարտության գոտում։ Այս մասին հայտնել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Սթեֆեն Դյուժարիկը։
Ըստ նրա՝ Գուտերեշը դատապարտում է Ղարաբաղում հակամարտության գոտում շարունակվող էսկալացիան, չնայած ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու միջազգային հանրության բազմաթիվ կոչերին։ Գլխավոր քատուղարը լրջորեն մտահոգված է ռազմական գործողությունների տարածման, այդ թվում՝ բնակավայրերի գնդակոծությունների վերաբերյալ տեղեկություններից։
«Գլխավոր քարտուղարը ևս մեկ անգամ շեշտում է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, և կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները»,- նշված է Դյուժարիկի հայտարարության մեջ։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։
--00—ՄՀ