ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարությունից հետո հարավային ուղղությամբ հակառակորդի կողմից ուժգնացել է ԱԹՍ-ի օգտագործումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի բոլոր գրոհները ՝ պատճառելով մարդուժի և ԱԹՍ-ի մեծ կորուստներ։
Հակառակորդը նենգաբար փորձում է փոխել իրավիճակը մինչև հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը։
Արցախի ՊԲ ստորաբաժանումները պատրաստ են կասեցնելու հակառակորդի նախահարձակ մտադրությունները»,- գրել է նա։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։
--00—ՄՀ