ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական աջակցությամբ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, կառավարության քայլերին և գործողություններին, այդ թվում՝ դիվանագիտական ասպարեզում, ինչպես նաև պատասխանել մի շարք հարցերի:
Քաղաքական ուժերի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները հակառակորդի դեմ պայքարի և հետագա քայլերի ուղղությամբ:
Զրուցակիցները ողջունել են նման ձևաչափով մտքերի փոխանակությունը: Նշվել է, որ կախված իրավիճակից՝ նմանատիպ հանդիպումները կարող են կրել շարունակական բնույթ։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։
--00—ՄՀ