ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
Նոյեմբերի 1-ին լրանում է հայ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի 149-ամյակը։
Օրվան նվիրված` Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը «Հիկարի» հայ-ճապոնական գիտական, կրթական, մշակութային կենտրոնի հետ կիրականացնի «Խաղաղության կռունկներ» միջոցառումը, որի շրջանակում կկազմակերպվի կոմպոզիտորի` մանկուց սիրված օրիգամիների և սեփական բաղադրատոմսով կակաոյի պատրաստում:
Խաղաղության և հաղթական մաղթանքներով օրիգամիները կպատրաստվեն արցախցի փոքրիկների կողմից և կուղարկվեն առաջնագիծ, իսկ կակաոյի վաճառքից գոյացած հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 1-ին` ժամը 13:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի պուրակում:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։
Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։
Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:
Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը: Ադրբեջանական կողմը խախտեց նաև հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում հումանիտար հրադադար պահպանելու մասին պայմանավորվածությունը։
Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:
Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
--00—ՄՀ