ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News
Այս պահին ռազմական գործողություններն ընթանում են Շուշիի ներսում և շրջակայքում: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մեր զորքերը հերոսական պայքար են մղում Շուշիի պաշտպանության և որոշ դիրքերի, որտեղ արդեն հայտնվել են ադրբեջանական կամ վարձկան ուժերը, դրանց չեզոքացնելու և լիարժեք վերահսկողությունը մեր ձեռքը վերադարձնելու ուղղությամբ»,- ասաց նա:
Հարցին՝ ով է հիմա վերահսկում Շուշին, Հովհաննիսյանը նշեց, թե բարդ է ասելը. իրենք երեկ ցևրեկը, երեկ գիշերը սկսել էին մեծ թվերով ներխուժել տարածք, մերոնք արել են հակառակ գործողություն:
«Վաղն, իմ կարծիքով, վերջնական պարզ կլինի, ինձ թվում է՝ կավարտվի ճակատամարտը Շուշիի համար»,- նշեց նա:
Հովհաննիսյանն ընգդծեց՝ հակառակորդը չէր պատկերացնում, որ հայկական ուժերն այդպես համառ կդիմադրեն կոնկրետ Շուշիի համար, որովհետև մեզ համար Շուշին շատ թանկ է:
«Կուզենայի` Շուշիի վերաբերյալ վաղաժամ գնահատականներ չտանք՝ ո՛չ լավատեսական, ո՛չ, առավել ևս, վատատեսական: Ուղղակի վստահենք ու հավատանք մեր զորքին: Մեր զորքը համառ պայքար է մղել ամբողջ օրը, շատ գրագետ պայքար է մղել բոլոր զորատեսակներով: Սպասենք որոշ ժամանակ»,- ասել է նա:
--00--ԱԹ