ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
Նոյեմբերի 19-ին արտգործնախարար Արա Այվազյանն ընդունել է Չինաստանի նորանշանակ դեսպան Ֆան Յունին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:
Նախարար Այվազյանը շնորհավորել է Ֆան Յունին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր արժեքավոր ավանդը կունենա հայ-չինական բազմաոլորտ հարաբերությունների դինամիկան պահպանելու և երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու գործում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ բարեմաղթանքների համար՝ դեսպան Յունը նախարար Այվազյանին է փոխանցել ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իի շնորհավորանքները և բարեմաղթանքները նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ՝ առանձնահատուկ շեշտելով առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը:
ԱԳ նախարարը դեսպանին համապարփակ տեղեկատվություն է հաղորդել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի և դրա հասցեագրման ուղղությամբ իրականացվող գործողությունների մասին: Նախարար Այվազյանն այս առնչությամբ կարևորել է միջազգային հանրության հնարավորինս լայն աջակցությունը:
Չինաստանի նորանշանակ դեսպանը հայտնել է, որ ՉԺՀ պաշտոնական դիրքորոշումը մնում է անփոփոխ առ այն, որ ԼՂ հիմնախնդրի վերջնական կարգավորումը պետք է լինի բացառապես խաղաղ ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
--00--ԱԹ