ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News
ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՔԾ-ից։
Ծառայությունից տեղեկացրել են, որ կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 19-ին իր ասուլիսի ընթացքում ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը հանդես է եկել մի շարք սենսացիոն հայտարարություններով` նշելով, որ այս պատերազմի պարտության հիմնական պատճառը վատ կառավարումն է եղել։ Ըստ նրա՝ 2018թ մայիսից հետո պատերազմող երկրում իրականացվել է զինված ուժերի օպտիմալացում, որի արդյունքում կրճատվել է բանակի մարտավարական հինգ գունդ: Բացի այդ` պատերազմի երրորդ օրը վարչապետը կանգնեցրել է բանակի լրահամալրումը և զորահավաք չի եղել:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից այդ ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, ասուլիսի ընթացքում նրա կողմից ներկայացված հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով ստուգելու եւ իրավական գնահատական տալու հանձնարարությամբ։
--00—ՄՀ