ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն առողջական խնդիրների պատճառով ներկա չէր այսօրվա դատական նիստին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Երեմ Սարգսյանը: Փաստաբանը նշեց՝ պետական մարմիններն ամեն ինչ արեցին, որ միայն բացասական դինամիկա գրանցվի, բանը հասավ նրան, որ նույն դիրքով երկար ժամանակ նստելիս ուժեղ Գագիկ Խաչատրյանի մոտ ցավեր են առաջանում, ինչը անհնար է դարձնում նրա մասնակցությունը:
Դատարանը նաև մերժել է Գագիկ Խաչատրյանի՝ Գերմանիա մեկնելու միջնորդությունը, պատճառաբանությունն այն է եղել, որ Հայաստանում ևս կարող են պատշաճ բուժօգնություն տրամադրել: Խաչատրյանը բուժումը ստանում է տնային պայմաններում՝ բժիշկների հսկողությամբ։
Իսկ հարցին, թե ինչպես է լինելու հետագա դատական նիստերի ընթացքը, քանի որ Գագիկ Խաչատրյանը չի կարող ներկա գտնվել, պաշտպանը շեշտեց, որ Խաչատրյանը պետք է վիրահատվի, որ կարողանա ներկա գտնվել նիստերին, բայց եթե պետությունը միջոցներ չի ձեռնարկում այս ուղղությամբ, ստացում է՝ դիտավորյալ գործողություններ է իրականացվում:
Փաստաբանը տեղեկացրեց, որ մի քանի անգամ դիմել են ՄԻԵԴ, ստացել հաստատում՝ վիրահատություն է պետք: Բժշկական կոնսիլիումն էլ արձանագրել էր՝ Հայաստանում անհնար է այդ վիրահատությունն անցկացնել:
«Անձը պետք է վիրահատվի, որ կարողանա դատական նիստերին մասնակցի, եթե պետությունն այդ միջոցները չի ձեռնարկում, սա նշանակում է՝ դիտավորյալ գործողություններ է կատարում, այդ թվում՝ խոշտանգման հետ կապված, քանի որ եթե անձը ունի ցավեր, և այնպես է արվում, որ դրանք խորանան, սա նշանակում է խոշտանգում»,- ասաց նա:
--00--ԱԹ