ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց քրեական նոր օրենսգրքի նախագիծը։ ՀՀ արդարադատութան նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում մի քանի կետով ներկայացրել է բարեփոխումների հիմնական ուղղությունները։
Այսպես, որդեգրվել է պատժողական քաղաքականությունից վերասոցիալականացման քաղաքականության անցման գաղափարախոսությունը. որպես պատժի նպատակ սահմանվել է պատժի ենթարկված անձի վերասոցիալականացումը: Ընդլայնվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների ցանկը՝ այդպիսով ազատազրկումը դիտելով որպես ծայրահեղ միջոց։
«Կատարելագործվել են ներկայում գոյություն ունեցող պատժատեսակների կիրառման ընթացակարգերը։ Օրինակ՝ փոխվել է հանրային աշխատանքներ և տուգանք պատժատեսակների կիրառման վերաբերյալ ձևավորված մոտեցումը: Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի կարգավորումներին համահունչ, պատժի նշանակման առանձնահատուկ կարգավորումներ են նախատեսվել համաձայնեցման և համագործակցության վարույթների դեպքում: Հստակ սահմանվել են անչափահասների նկատմամբ քրեական պատասխանատվության և պատժի առանձնահատկությունները: Մասնավորապես, հաշվի առնելով անչափահասների սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները, նախատեսվել է, որ հանցանքը կատարելիս 18 տարին չլրացած անձինք ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել», - մեկնաբանել է նախարարը:
Նշվածներից զատ՝ սահմանվել է իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը, պատիժների համակարգը:
Հստակեցվել և կատարելագործվել են պատժից ազատելու ինստիտուտները և այլն։
--0--ԿԿ