ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Կանադայի Սենատի՝ Արցախի անկախությունը ճանաչելու մասին բանաձևի նախագծի մերժմանը:
«Արցախի անկախությունը ճանաչելու մասին բանաձեւի նախագծի հեղինակ, կանադացի սենատոր Լեո Հաուսակոսը Twitter- ի իր էջում հայտարարել է, որ Կանադայի Սենատը մերժել է բանաձեւը։
Նա այս օրն անվանել է հայ ժողովրդի համար տխուր օր: Սենատորը քննադատել է նաև Կանադայի իշխող կուսակցությանը և անձամբ վարչապետ Ջասթին Թրյուդոյին այն բանի համար, որ նրանք երես են թեքել հայերից և կրկին հովանավորել բռնարարին:
Մենք երախտապարտ ենք սենատոր Հաուսակոսին` հայ ժողովրդի հետ միասին արդարության համար պայքարելու պատրաստակամության համար:
Այնուամենայնիվ, մեզ հետաքրքիր է, թե ուր կորան վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հիանալի հարաբերությունները, և ինչու նրանք չկարողացան նպաստել հայ ժողովրդի համար կարևոր հարցերի լուծմանը»:
Հիշեցնենք, որ Կանադայի խորհրդարանը դեկտեմբերի 8-ին մերժել է Հայաստանի ու Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտելու, Թուրքիայի նկատմամբ զենքի վաճառքի արգելք սահմանելու, Արցախի ազատ ինքնորոշման անքակտելի իրավունքը ճանաչելու և Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու բանաձևը:
--00—ԼՄ