ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
««Անընդհատ շրջանառության մեջ է դրվում այն միտքը, թե ճկուն քաղաքականության պարագայում կարող էինք խուսափել պատերազմից,- Facebook-ի իր էջում գրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: -Այս թեզը շրջանառողները պետք է առնվազն պատասխանեն մի հարցի․ իրենց վարած «ճկուն» քաղաքականության արդյունքում ինչու՞ հնարավոր չեղավ խուսափել 2016 թվականի պատերազմից, որին նախորդել էր 2015, 2014 թվականների աննախադեպ էսկալացիան...»:
Որպես այդ թեզի կողմնակից՝ պատասխանում եմ. հենց «նախկիների» ճկուն քաղաքականության արդյունքում էր, որ հնարավոր եղավ Ադրբեջանի կողմից 2016-ի ապրիլին սանձազերծված պատերազմի չորրորդ օրը նույն ադրբեջանական կողմի խնդրանքով դադարեցնել մարտական գործողությունները և խուսափել ոչ միայն մարդկային ու տարածքային մեծ կորուստներից, ինչպես դա եղավ սեպտեմբերյան պատերազմի արդյունքում, այլև ավելի շահեկան դիրք գրավել բանակցային սեղանի շուրջ:
Հիշեք Վիենայի, Ժնևի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների բովանդակությունը և կհամոզվեք: Ավելին ասեմ, Ապրիլյան քառօրյա պատերազմը սանձազերծելով՝ Բաքուն ուներ նույն նպատակն ու գործողությունները զարգացնելու հաջորդականությունը, ինչպիսինն ունեցավ 44-օրյա պատերազմի ժամանակ: Սակայն, ի տարբերություն սեպտեմբերյան զարգացումների, ապրիլին հայկական կողմն ունակ գտնվեց գրագետ ու ներդաշնակ կազմակերպել իր ռազմական ու դիվանագիտական կարողությունները և պատերազմից դուրս գալ պարտադրողի կարգավիճակով»:
--00—ԼՄ