ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News
Վերջին 100 տարվա ընթացքում երբեք նման վտանգավոր վիճակում չենք եղել, ինչպես հիմա, բայց ոչ բոլորն են պատկերացնում, թե ինչ վիճակում ենք: Այս մասին այսօր Արարատում` քաղաքացիների հետ հանդիպմանը նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Ինձ ներկայացրեցին որպես վարչապետի թեկնածու, սակայն ես Վազգեն Մանուկյանն եմ, որը Ձեզ հետ միասին կազմակերպել է 88 թվի շարժումը, որի հետ միասին հանդիպել եք ռազմաճակատում, երբ պայքարում էինք, որ երկիրը լինի մեր երազած երկիրը: Այժմ էլ պատերազմ եղավ, պատերազմ մենք տեսել ենք 90-ականներին, երբ երբեմն պարտվում էինք, երբեմն հաղթում, երբեմն առաջ գնում, երբեմն նահանջում: Այս պատերազմն այդպիսին չէր. Ադրբեջանը պատրաստվում էր հաղթելու, մենք՝ պարտվելու»,- ասաց նա:
Մանուկյանը նշեց` 2018 թվից սկսվեց բանակի ջարդը, կոռուպցիայի անվան տակ սկսեցին մտնել, գեներալների ձերբակալել, կոտրեցին Արցախի ղեկավարությունը, դուրս մղեցին ղեկավարների, բանակի ներսում արդեն անվստահություն մտավ:
«Հաջորդ քայլը, որ կազմակերպվում էր մեզ պարտության տանելու, բանակի արդիականությունն էր, զենքերի հարցը: 2016 թվին Ադրբեջանը փորձեց հարձակվել, մենք էլ կորուստներ ունեցանք, բայց հասկացավ` իր դիմաց բանակն է, որի առաջ ինքը պարտվել է, և կանգնեցրեց պատերազմը: Հետո որևէ բան արվե՞ց, որ մենք նոր տեխնոլոգիաներ ունենանք, ոչ, չարվեց»,- նշեց Մանուկյանը:
--00--ԱԹ