ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի՝ ընդլայնված կազմով հանդիպումից և կից հրապարակել ՀՀ ԱԳ ղեկավարի խոսքը.
«Այժմ մեր տարածաշրջանն առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների, որոնք ստեղծվել են ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու Ադրբեջանի վտանգավոր փորձի արդյունքում: Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար կամ դիտարկվել որպես տարածաշրջանային համագործակցության հնարավորություն:
Իրանը տարածաշրջանում կարևոր երկիր է, և մենք հարգում ենք Իրանի մոտեցումները, որով նա կառուցում է իր հարաբերություններն անմիջական հարևանների հետ: Այնուհանդերձ, կուզենայինք մեկ անգամ ևս շեշտել, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը, որտեղ չկան «հաղթողներ և պարտվողներ», այսպես կոչված, «հաղթանակներ կամ պարտություններ», կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման առաջմղման համար»:
--00—ԼՄ