ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
Արցախում քննարկվում է ռուս ուղղափառ եկեղեցի կառուցելու հարցը։ Այս մասին 24 News-ին հայտնեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։
Նա տեղեկացրեց, որ այս թեմայի վերաբերյալ հանդիպումներ են տեղի ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։
«Հանդիպման ընթացքում տրվել են հարցեր կապված բնակավայրի հետ, թե որտեղ կկառուցվի նոր եկեղեցին և քննարկվել է հարցը՝ ինչ նյութեր են օգտագործվելու՝ փայտ, թե՞ քար։ Մենք այս խնդրին շատ մեծ տեղ ենք տալիս, քանի որ համարում ենք՝ այս նախաձեռնությունը ռուս խաղաղապահների համար շատ կարևոր է»,-ասաց Ավագյանը։
Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանինն էլ 24 News-ին հայտնեց, որ նախաձեռնության վերաբերյալ իր կարծիքը դրական է, քանի որ ռուս խաղաղապահները նույնպես հոգևոր կարիքներ ունեն։
«Եկեղեցին նախատեսվում է կառուցել օդանավակայանում, քանի որ ռուս խաղաղապահների զորախումբը տեղակայված է այնտեղ։ Բանակում բոլոր տեղերում կան մատուռներ, եկեղեցիներ, խորաններ, այս դեպքում էլ փոքր մատուռ է կառուցվելու, և ես կարծում եմ, որ դա նպատակային է»,-ասաց նա ու ավելացրեց, որ ռուս խաղաղապահներն Արցախում իրենց հոգևորականն ունեն։
--00—ՄՀ