ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները չպայթած «Իսկանդեր» հրթիռների մասին վկայում են առնվազն նրա ոչ կոմպետենտության մասին։ Այս մասին РИА Новости-ին ասել է Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սաբլինը:
«Վատ պարողին ոտքերն են խանգարում: Այս ժողովրդական իմաստությունը բնութագրում է Հայաստանի վարչապետի խոսքերը վերջին պատերազմում «Իսկանդերների» օգտագործման և դրանց «հին» լինելու մասին: Մարդիկ, որոնք ավելի լավ են տիրապետում պատերազմի և խաղաղության հարցերին, գիտեն, որ սա 21 դարի զենք է, ամենալավ ունիվերսալ օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրն է: «Իսկանդերը» հաստատել է իր բարձր բնութագիրը Սիրիայում ահաբեկչության դեմ պատերազմի ժամանակ», - ասել է Սաբլինը:
Հիշեցնենք, որ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում անդրադարձել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներին` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերի» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ, և ասել, որ Սարգսյանն «ինքը գիտի իր հարցերի պատասխանները»:
«Թող հարց տա՝ ինչո՞ւ « Իսկանդերը» չի պայթել: Կամ ինչո՞ւ է այն պայթել, օրինակ, 10% -ով», - ասել էր Փաշինյանը:
--0--ԿԿ