ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
«Ազգային ժողովում երեկ արտահերթ նիստը տապալվեց իմքայլականների պատճառով։ Նրանք չէին ներկայացել նիստից առաջ հայտարարված ԱԺ խորհրդի նիստին, որ քննարկեն արտահերթի օրակարգում ռազմական դրության վերացման և ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը միտված հարցերն ընդգրկելը։
Նախորդ օրն էլ չէին ներկայացել՝ Հանրապետության հրապարակի հանրահավաքի պատճառով։ Շենքում երեկ հիմնականում ընդդիմադիր պատգամավորներն էին և հատուկենտ իմքայլականներ, որոնցից մեկին՝ Ալեքսանդր Ավետիսյանին, հանդիպեցինք միջանցքում և մի քանի հարց ուղղեցինք։ Նա ասաց՝ տեղյակ չէ, թե ինչու իր գործընկերները չեն ժամանել ԱԺ խորհրդի նիստին, քանզի ինքը «շարքային պատգամավոր է», խորհրդի անդամ չէ։
- Պարո՛ն Ավետիսյան, Դուք այս իրավիճակի հանգուցալուծումն ինչպե՞ս եք տեսնում, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները ձեզ նաև անվտանգության երաշխիքներ են տալիս, միայն թե դուք գնաք վճռական քայլի ու խորհրդարանի մակարդակում լուծեք նրա հեռացման հարցը։
- Լուծումը տեսնում եմ միայն Սահմանադրության, օրենքի շրջանակում, ինչպես պահանջում է և՛ միջազգային հանրությունը, և՛ այդ տեսակետին է նաև մեր քաղաքական ուժը։ Այլ լուծում ես չեմ պատկերացնում։
- Հենց օրենքի շրջանակում էլ իրենք ձեզ առաջարկում են գալ խորհրդարան, արտահերթ նիստ անել և Փաշինյանին հեռացնել։
- Ես եկել եմ խորհրդարան, խմբակցությունով կքննարկենք, ըստ անհրաժեշտության, եթե գտնենք, որ կարիք կա արտահերթ նիստի, կգումարենք։
- Պատրա՞ստ եք քայլեր ձեռնարկել Փաշինյանի հեռացման համար։
- Իհարկե, ոչ։
- Ինչո՞ւ։
- Որովհետև որևէ հիմք դրա համար չեմ տեսնում։
- Այսինքն՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի և 40-ից ավելի բարձրաստիճան սպաների տարածած հայտարարությունը Ձեզ համար հի՞մք չէ։
- Իմ համար հիմք չէ այնքանով, որ, ինչպես արդեն ասացի, հարցի լուծումը տեսնում եմ Սահմանադրության շրջանակում, իսկ մեր Սահմանադրությամբ՝ բանակը պարտավոր է պահպանել քաղաքական չեզոքություն, և, ըստ այդմ, ինձ համար առաջնայինը օրենքն է և Սահմանադրությունը։
- Իսկ Նիկոլ Փաշինյանը բանակի հանդեպ պե՞տք է պահպանի կոռեկտություն և չեզոքություն։
- Ես չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանը երբևէ բանակի հանդեպ չի պահպանել կոռեկտություն և որպես դրա վառ ապացույց, եթե չեք նայել, ևս մեկ անգամ դիտեք նրա՝ վերջին հանրահավաքում ունեցած ելույթը։
- Էդմոն Մարուքյանն ասում է՝ նա ուզում է գլխատել բանակը, անընդհատ վարկաբեկում է զինված ուժերը, պարբերաբար տարբեր հայտարարություններ է անում բանակի, բանակի գեներալների դեմ։ Ու նրա քայլն էլ, որ Տիրան Խաչատրյանին ազատեց պաշտոնից, սա հարուցել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի անձնակազմի զայրույթը։
- Ամենայն հարգանքով Էդմոն Մարուքյանի հանդեպ՝ միշտ չէ, որ կիսում եմ նրա տեսակետները։ Հարգանքով նաև բանակի և գեներալիտետի հանդեպ՝ ես կարծում եմ, որ ինչ-որ միգուցե ուղղորդման, ինչ-որ քաղաքական խարդավանքների ազդեցությամբ է նաև այդ հայտարարությունն արվել։
- Ո՞ւմ կողմից է ուղղորդում եղել, ո՞վ պետք է ուղղորդեր Օնիկ Գասպարյանին և չորս տասնյակ սպաներին։
- Իսկ ո՞վ էր դեռևս հոկտեմբեր ամսին զանգում բանակի ղեկավարությանը և հորդորում չենթարկվել գերագույն գլխավոր հրամանատարին։
- Ո՞վ էր զանգում, ես տեղյակ չեմ, Դուք փաստեր ունե՞ք դրա վերաբերյալ։
- Մամուլից եմ տեղեկացել։
- Դուք նորմա՞լ եք գնահատում Նիկոլ Փաշինյանի վերջին գործողությունները, «Իսկանդերի» չկրակելու մասին արած հայտարարությունը, որից հետո ռուսական մամուլն ուղղակի ամենավերջին բառերով է պիտակավորում նրան։
- Ռուսական մամուլը հեղափոխությունից հետո ամենատարբեր գնահատականներն է տվել մեր ներքաղաքական իրավիճակին, էնպես չէ, որ ես այդ առումով պետք է տարակուսեմ, թե ինչու հենց այս պահին նման գնահատականներ հնչեցին։ Ինչ վերաբերում է կոնկրետ «Իսկանդերի» հետ կապված հարցին, զուտ ձեռնպահ մնալով այլ մեկնաբանություններից, կհիշատակեմ երեկվա ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքը, որտեղ նշվում է, որ պատերազմի ընթացքում «Իսկանդեր», իրենց ինֆորմացիայով, չի կիրառվել, և միգուցե մեր գլխավոր գերագույն հրամանատարին սխալ են զեկուցել։
-Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը համարվում է գերագույն գլխավոր հրամանատար, ու նրան ինչ-որ բան սխալ են զեկուցում, և նա դրան հավատո՞ւմ է։ Այդ դեպքում որտեղի՞ց էր նման պնդում անում, որ «Իսկանդերը» չի կրակել կամ 10 տոկոսով է կրակել։
- Ես ընդամենը մեջբերեցի ՌԴ պաշտոնական ներկայացուցչի պնդումը, ինքս, իհարկե, չեմ կարող հստակ ինֆորմացիա ունենալ՝ ի վերջո կիրառվե՞լ է, չի՞ կիրառվել։ Ուզում եմ ասել, որ գերագույն գլխավոր հրամանատարն առաջնորդվում է այն ինֆորմացիայով, ինչն իրեն զեկուցվում է։
- Այսինքն՝ իրեն զեկուցել են, որ «Իսկանդերը» 80-ականների զե՞նք է։
- Իսկ նա երբևէ ասել է, որ «Իսկանդերը» 80-ականների զե՞նք է։
- Այո, նա ասել է՝ ««Իսկանդերը» չի պայթել կամ 10 տոկոսով է պայթել․․․ 80-ականների զե՞նք էր, գուցե։
- Իսկ գուցե 2000-ականների՞ զենք էր։
- Դե, ամեն ինչ էլ կարելի է ասել, բայց արդյոք սա վարչապետի կողմից արված ճի՞շտ պնդում է։
- Եթե «գուցե» բառը կա, արդեն իսկ Ձեր հարցադրումն էնքան էլ տեղին չէ։
- Այսինքն՝ ինքը չգիտե՞ր, թե որ թվականների արտադրության է, որ հարցնում է՝ ասելով «գուցե»։
- Ես չեմ ցանկանում այդ առումով մեկնաբանել վարչապետի խոսքը, գտնում եմ, որ նա չի ասել՝ 80-ականների զենք է։ Իսկ գուցե 2000-ականների՞ զենք է։
- Հենց 2000-ականների զենք է, նա չգիտե՞ր դա, այդ մասին իրեն չէի՞ն զեկուցել։
- Ենթադրում եմ՝ ինքը տեղյակ է լինում էն ամեն ինֆորմացիայից, որն անհրաժեշտ է, որ իմանա։
- Ադեկվա՞տ եք գնահատում Նիկոլ Փաշինյանի գործողությունները, որ նա հանրահավաքում մե՛կ դիմում է Օնիկ Գասպարյանին, թե՝ «Օնիկ ջան, պետք չի», մե՛կ բղավում է, թե՝ «վե՛րջ թավիշին», ու սպառնում բոլորին ձերբակալել, հետո առաջարկում է քննարկել արտահերթ ընտրությունների հարցը, ընդդիմության հետ երկխոսության գնալու։
- Իմ կարծիքով՝ վարչապետի որևէ քայլ և որևէ խոսք չի կարող հիմք տալ, որ ինչ-որ որակումներ տրվեն վարչապետի հասցեին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
--00—ՄՀ