ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News
Աշխարհը աչք է փակել Արցախի խաղաղ բնակչության ոչնչացման վրա: Այս մասին այսօր «Ցեղասպանությունն ու Առաջին համաշխարհային պատերազմը. Միջազգային պայմանագրեր, պատմական զուգահեռներ» խորագրով գիտաժողովի ժամանակ հայտարարեց Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: Գիտաժողովը կազմակերպել էր Ռուսաստանի հայերի միությունը՝ բոլշևիկների ու քեմալական Թուրքիայի միջև ստորագրված Մոսկվայի պայմանագրի 100-ամյակի առթիվ:
«Մենք տեսնում ենք, թե ինչպես են պատժամիջոցներ կիրառվում առանձին անհատների շահերի դեպքում, բայց երբ մի ամբողջ ժողովուրդ է ոչնչացվում՝ միջազգային ահաբեկչական խմբավորումների մասնակցությամբ, միջազգային հանրությունը լռում է և բացի անատամ հայտարարություններից ոչինչ չի անում, քայլեր չի ձեռնարկում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է 100 տարվա վաղեմության դեպքերին, ապա դեսպանի կարծիքով՝ Հայաստանն այսօր պետք է իր քաղաքականությունը կառուցի՝ հաշվի առնելով անցյալի դասերը, սպառնալիքները, իսկ դրանք այսօր գրեթե չեն փոխվել:
--00--ԱԹ