ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկել է «Քայլ դեպի տուն» 2021 երկշաբաթյա ծրագիրը, որը հնարավորություն է տալիս սփյուռքի 13-18 տարեկան պատանիներին զարգացնել և ամրապնդել իրրենց ազգային ինքնությունն ու ավելի լավ ճանաչել հայրենիքը:
Ճամբարային ծրագիրը կմեկնարկի հունիսի 21-ին և 4 փուլով կընթանա մինչ օգոստոսի 14-ը աշխարհի տարբեր ծայրերից եկած սփյուռքահայ 200 պատանիների համար: Յուրաքանչյուր փուլ հագեցած կլինի հետաքրքիր միջոցառումներով, ներառյալ՝ արևելահայերենի և արևմտահայերենի դասընթացներ, այցելություններ Հայաստանի պատմական, մշակութային, կրթական հաստատություններ, գյուղական համայնքներ և այլն:
Հայտադիմումները բաց են այն սփյուռքահայ պատանիների համար, ովքեր չեն հանդիսանում ՀՀ քաղաքացիներ (բացառությամբ՝ երկքաղաքացիություն ունեցողների) և նախորդ տարիներին չեն մասնակցել «Արի տուն» և «Քայլ դեպի տուն» ծրագրերին: Ծրագրին միանալ ցանկացողները իրենց նախընտրելի փուլին մասնակցելու համար պետք է շտապեն ավելի վաղ լրացնել հայտադիմումը: Հայաստանում 14-օրյա կացության բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը, ներառյալ՝ ճամբարը, սենյակը, սնունդը, այցելությունները և այլն: Մասնակիցներն իրենց հաշվին հոգալու են Հայաստան ժամանման և մեկնման տրանսպորտային ծախսերը, ինչպես նաև իրենց հաշվին ձեռք են բերելու երկշաբաթյա տուրիստական ապահովագրություն:
Մասնակցության հայտ կարելի է ներկայացնել յուրաքանչյուր փուլի մեկնարկից մինչև մեկ շաբաթ առաջ:
Եթե ցանկանում եք դիմել «Քայլ դեպի տուն» ծրագրին, խնդրում ենք լրացնել հայտադիմումն այստեղ: Ցանկացած հարցի պարագայում ազատ եղեք կապ հաստատել qayldepitun@gov.am էլ. հասցեով կամ զանգահարել +374 10 515-517 հեռախոսահամարով:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մասին
Հիմնվելով 2019 թվականին՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը պատասխանատու է Հայաստան-սփյուռք հարաբերությունների զարգացման և իրականացման ռազմավարությունների և քաղաքականության մշակման համար: Այն ներառում է հայրենադարձության գործընթացի աջակցությունն ու խրախուսումը, հայրենադարձների ինտեգրման գործընթացի հեշտացումը, սփյուռքի ներուժի քարտեզագրումը և այլն: Գրասենյակը բաղկացած է տարբեր ստորաբաժանումներից, որոնցում ներգրավված են ներկայացուցիչներ սփյուռքի հայ համայնքներից: Ընթացիկ գործունեության և ծրագրերի մասին ավելի իմանալու համար այցելեք գրասենյակի կայք՝ http://diaspora.gov.am/hy, հետևեք մեզ սոցցանցերում՝ @DiasporaGovAm կամ գրեք diaspora@gov.am էլ. հասցեով։
--00—ՄՀ