ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Իշխանության ամենաթողության, ամբարտավանության ու անդաստիարակության հերթական ցայտուն դրսևորումը, որն իհարկե չեն դատապարտի իշխանության կարկառուն ներկայացուցիչները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով ԲՏԱ նախարար Հակո Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպին:
«Օրը ցերեկով ամենավերջին խուլիգանի պահվածքով նախարար կոչվող անձը բռունցքներով հարձակվում է լրագրողի վրա, բռնություն գործադրում, վնասում գույքը...
Համաձայնեք, որ ամբողջ օրը ժողովրդավարության մասին աղաղակողները տարօրինակ պատկերացում ունեն ժողովրդավարության ու ընդհանրապես հանդուրժողականության մասին: Հիշե´ք մեկընդմիշտ, որ թեպետ ձեր համար այլևս սովորական է դարձել հոխորտանքն ու բռունցքները տարբեր ուղղություններով անկանոն թափահարելը, բայց ոչ ոք, բացարձակապես ոչ ոք իրավունք չունի վիրավորել կամ առավել ևս ֆիզիկական ուժ կիրառել լրագրողների նկատմամբ: Դա ականջներիդ օղ արեք...»,- գրել է Տոնոյանը:
Նշենք, որ այսօր լրագրող Փայլակ Ֆահրադյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվել է իր վրա:
«Ես մոտեցա որպեսզի նախարարից ճշտեմ՝ ինչո՞ւ է նա աշխատանքային ժամին սրճարանում, իսկ դրանից րոպեներ անց նախարար Հակոբ Արշակյանը հարձակվեց ինձ վրա:
Դեպքը տեղի է ունեցել Երևանի գործող սրճարաններից մեկում, երբ ես տեսա՝ ինչպես է նախարարը աշխատանքային ժամը անցկացնում սրճարանում, մոտեցել եմ և հարցրել՝ ինչո՞ւ է նա աշխատանքային ժամին որոշել անցկացնել սրճարանում»,-հայտնեց լրագրողը:
--00--ԱՀ