ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News
Վերջին շրջանում Ադրբեջանին արժանի հակահարված ենք տալիս, որ հասկանան՝ ուժով չեն կարող հարց լուծել, իրենց մաքսիմալիստական ծրագրերն անիրականանալի են: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Արցախի ժողովուրդը մեր ժողովրդի մի հատվածն է, հետևաբար՝ մենք չենք կարող անտարբեր մնալ նրանց ֆիզիկական գոյության վտանգների հանդեպ: Ադրբեջանին ասում ենք, որ մենք ձեր նկատմամբ տարածքային պահանջ չունենք, բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանը պետք է լկտիություն անի ու կիրառի ֆիզիկական ուժ, մենք դա չենք կարող հանդուրժել:
Որևէ մեկը Հայաստանում չի կարող սանձահարել այն ներքին պոտենցիալ ուժը, որ կարող է ոտքի կանգնել ու պայքարել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի Արցախում, ժողովուրդը թույլ չի տա դա»,- ընդծեց Աղազարյանը:
Անդրադառնալով Ստեփանակերտ - Բաքու երկխոսությանը՝ պատգամավորը նշեց, որ համոզված է՝ Ադրբեջանը միջազգային ճնշման ներքո կերկխոսի Արցախի իշխանությունների հետ. «Ալիևը ղալաթ է անում՝ ասելով, թե արցախցիներն իր ժողովուրդն են, եթե ֆիզիկական ուժ կիրառեց՝ անձամբ եմ գնալու ու կանգնելու իմ հայրենակիցների կողքին:
Արցախի ոչ մի քաղաքացի ադրբեջանական անձնագիր չի ունեցել, բայց մենք ասում ենք՝ տարածքային խնդիր չունենք, երկխոսի օրինական ընտրված իշխանությունների հետ:
Ի՞նչ է Ալիևի համար բանակցությունները խա՞ղ են, խաղ ենք խաղո՞ւմ Պուտինի, Միշելի, Բայդենի հետ, թող բարի լինի երկխոսի Արցախի հետ: Ադրբեջանը եթե ուժեղ է, չի նշանակում՝ կարող է խոսել ուլտիմատումի լեզվով, 21-րդ դարն է, միջազգային հանրությունը չի լռի»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ