ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
«Միլանը» հայտարարություն է տարածել Եվրոպայի Սուպերլիգայի վերաբերյալ, որից հետևում է, որ ակումբը չի մասնակցելու մրցաշարին: Այս մասին գրում է Armsport.am-ը։
«Մենք ընդունեցինք Սուպերլիգայի նախագծին մասնակցելու հրավերը` ֆուտբոլի երկրպագուների համար լավագույն եվրոպական մրցաշարն անցկացնելու անկեղծ մտադրությամբ` ի շահ ակումբի և մեր սեփական երկրպագուների:
Փոփոխությունները միշտ չէ, որ հեշտ են տրվում, բայց առաջընթացը պահանջում է էվոլյուցիա, և եվրոպական ֆուտբոլի կառուցվածքը զարգացել և փոխվել է տասնամյակների ընթացքում:
Չնայած դրան, ամբողջ աշխարհում երկրպագուների ձայներն ու մտահոգությունները Սուպերլիգայի վերաբերյալ հստակ արտահայտվել են, և «Միլանը» պետք է ուշադիր լսի այս հրաշալի մարզաձեւը սիրողների կարծիքը:
Մենք կշարունակենք քրտնաջան աշխատել ֆուտբոլի կայուն մոդել ապահովելու համար», – ասվում է «Միլանի» հայտարարության մեջ:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ «Ինտերն» ու «Աթլետիկոն» ևս լքեցին Սուպերլիգան։ Այսպիսով, միայն «Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» դեռ չեն հայտարարել Սուպերլիգայից դուրս գալու մասին։
--0--ԿԿ