ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Գիտեմ, շատերիս համար անչափ դժվար է դարձել Արցախ գնալը։ Հատկապես Տեղ գյուղից Արցախ մուտք գործելիս Աղավնոյով, Բերձորով, Բերդաձորով, Լիսագորով, Շուշիով Ստեփանակերտ երթևեկելիս հայրենիքը սիրող մարդը հոգեբանական ծանր ապրումներից, ճնշումներից դաժան փորձությունների է ենթարկվում։
Դեռ չեմ խոսում Արցախի տարբեր հատվածներում ապրող մեր հայրենակիցների հոգեվիճակի, ապրումների մասին։
Պատերազմից հետո արդեն 6-րդ այցս էր Արցախ, սակայն զգացողություններս գրեթե նույնն էին, սակայն յուրաքանչյուր հայ, այս օրհասական շրջափուլում պետք է ունենա ներքին պարտավորվածություն՝ մշտապես այցելել այնպես, ինչպես նախկինում և մեր հայրենիքի արցախյան հատվածում ապրող մարդկանց կողքին լինել։
Աջակցել, սատարել ինչով կարող է կամ ուղղակի բարեկամություն և ընկերություն անել։
Պատկերացրեք այն արցախցու հոգեվիճակը, ով արթնանում, աշխատանքի գնում-գալիս և պարկում է քնելու նույն պատկերը աչքի առաջ ունենալով՝ թշնամին քթների տակ ունենալով։
Արցախն ու արցախցին պետք է իմանան, մենք իրենց երբեք մենակ չենք թողնելու»։