ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եվրոպական Միությունը (ԵՄ), առաջիկա 4-5 տարիների ընթացքում Հայաստանին կտրամադրի շուրջ 2.5 մլրդ․ եվրոյի օգնություն։ Այս լուրը հանրության կողմից տարաբնույթ մեկնաբանությունների արժանացավ։ Ոմանք այն դիտարկում են, որպես Արցախի գին և հակառուսական նախագիծ։ Հակառակ բևեռը (բևեռ բառը պատահական չօգտագործեցի) հորթի պես ուրախ է՝ ոգևորված համեմատություններ են անում, մինչ այժմ Ռուսաստանի և Արևմուտքի՝ Հայաստանում կատարած ներդրումների միջև և հիշում հայտնի «գույք պարտքի դիմաց» գործարքը և ահա՝ Արևմուտքի անշահախնդիր սերն ու օգնությունը Հայաստանի հանդեպ։ Եվ սա օգտագործելով որպես հերթական «տրամաբանական» փաստարկ, պնդում են իրենց տեսակետը․ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, պահանջի հեռացնել ռուսական ռազմաբազան և ռուս սահմանապահներին, մերձենա Արևմուտքին, դառնալով ՆԱՏՕ-ի անդամ, այսինքն՝ Թուրքիայի գործընկերը։ Տարիներ առաջ նույն կերպ մտածողները նույնպես համեմատություններ էին անում, թե ֆինանսական որքան օգնություն է ստանում ԵՄ-ից Վրաստանը և որքան Հայաստանը։ Իհարկե, համեմատությունները հօգուտ Վրաստանի էին։
Ի դեպ, այն Վրաստանի, որը Սահակաշվիլիի «շնորհիվ» կորցրեց Աբխազիան և Հարավային Օսիան։ Իսկ գուցե այդ հսկայական օգնությունը տրամադրվում է Հայաստանին, արդեն որպես ժողովրդավարական իշխանություն ունեցող երկիր, որ շարունակի ժողովրդավարական բարեփոխումնե՞րը։ Բայց, ինչու՞ հիմա։
Հիշում եմ, 2018թ․ իշխանության նոր եկած Նիկոլ Փաշինյանի առաջին այցը Բրյուսել։ Նա Բրյուսելի օդանավակայանում իր զայրույթն արտահայտեց ԵՄ-ի նկատմամբ, որ առաջարկում են, որպես Հայաստանին օգնության հավելում ընդամենը շուրջ 46մլն․եվրո։ Եվ ժողովրդի վարչապետը պոռթկաց․ «Հայաստանում մի օլիգարխի որ թափ տամ, այդքան փող կթափվի»։ ԵՄ-ն լայնածավալ ֆինանսական օգնություն տրամադրելուց ձեռնպահ մնաց 2018թ․ «արդար, թափանցիկ, ժողովրդավարական» ընտրություններից հետո նույնպես։ Եվ ահա, օ՜ հրաշք, պատերազմում խայտառակ պարտություն կրելուց, Արցախը հանձնելուց, և արդեն ընդդիմության օժանդակությամբ, «ընտրություններում» այդ ամենը լեգիտիմացնելուց հետո, ԵՄ-ն շռայլորեն բացում է քսակը( դեռ մի կողմ դնենք, թե ինչպիսին կլինի տրամադրված գումարի իրականացման արդյունավետությունը)։ Եթե հաշվի առնենք, որ ողջ պատերազմի ընթացքում ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներն անթաքույց պաշտպանում էին Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը», խրախուսելով նրա կողմից սանձազերծված պատերազմը՝ ամեն ինչ իր տեղն է ընկնում (ձրի պանիրը միայն թակարդում է լինում): Եթե հաշվի առնենք նաև Արևմուտք-Ռուսաստան սուր հակամարտությունը, ապա...Եթե նույնիսկ այս տեսակետն առավել հիմնավոր է, այն չի նշանակում, որ Հայաստանը պետք է բռնի հակաարևմտյան կողմնորոշում։ Բացարձակապես՝ ոչ։ Բայց, շնորհակալությամբ ընդունելով առաջարկվող օգնությունը, չի կարելի այն դարձնել որպես հակառուսական դրոշ։ Ի վերջո, պարզ դիտարկում` ո՞ր երկրներն են այսօր մեր թշնամիները։ Ակնկալում եմ պարզ պատասխան՝ Ադրբեջանն ու Թուրքիան։ Որքան անհեռատես և տխմար պետք է լինել, որ հատուկ՝ տարածաշրջանի կարևոր, հիմնական դերակատար Ռուսաստանին նույնպես թշնամի դարձնես։ Տխմա՞ր, թե՞․․․
Ինչ վերաբերում է տարբեր բևեռների կարծիքին առ այն, որ Հայաստանից պետք է դուրս բերվեն և ռուսական ռազմաբազան և ռուս սահմանապահները։ Կարելի էր, այո՝ կարելի էր, ոչ թե կարելի է, այդ հարցը քննարկել, եթե․․․ 1992թ․ կնքվել է հայ-ռուսական պայմանագիրը, ըստ որի Հայաստանում տեղակայվում է ռուսական 102-րդ բազան և հայ- թուրքական և իրանական սահմանները հսկում են ռուս սահմանապահները։ Կարծում եմ այն ժամանակվա համար, երբ Հայաստանի բանակը ձևավորման փուլում էր և մենք գտնվում էինք պատերազմական վիճակում, այդ որոշումն անհրաժեշտություն էր։ Այնուհետև, հատկապես 1994թ․ հրադադարից հետո Հայաստանի իշխանությունները պետք է ջանք ու եռանդ չխնայեին հայկական զինված ուժերը զարգացնելու, կատարելագործելու համար, զուգահեռ ստեղծելով ռազմարդյունաբերական համալիր։ Եվ այդ դեպքում միայն կարելի էր մտածել, որ մենք սեփական ուժերով կարող ենք ապահովել Հայաստանի անվտանգությունը։
Սակայն ի՞նչ ունենք այսօր, հատկապես պարտությունից հետո՝ ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական պարտություն, բարոյալքված բանակ։ Եթե սրան էլ գումարենք Հայաստանի իշխանությունների մտադրությունը բանակի թվակազմը կրճատելու մասին, ապա հարց է առաջանում, ո՞վ պետք է ապահովի Հայաստանի անվտանգությունը։ Հարցս ուղղված է հատկապես այն մեծ-մեծ խոսողներին, որոնք և իրենք են «թռել» և իրենց սիրասուն զավակներին «թռցրել» բանակում ծառայելուց՝ փաստաթղթեր կեղծելով, կաշառքով, օտար երկրի քաղաքացիություն ընդունելով։ Այսպիսով, կարելի է փաստել, որ ուզենք, թե չուզենք, մեր ուժերով չենք կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը, որն ի դեպ իշխանության հիմնական գործառույթը պետք լիներ, այլ ոչ թե «ժողովրդի մասին մտածելու» մասին տխմար արտահայտությունները։ Արդ, եթե պահանջում ենք ռուսական ռազմաբազայի և սահմանապահների հեռացումը, ո՞վ պետք է նրանց փոխարինի: Հաաա, պարզ է, բևեռների ականջներին նրանց տերերը փսփսացել են, որ ՆԱՏՕ-ական զինվորները մեզ կպաշտպանեն իրենց դաշնակից Թուրքիայից և կարևոր գործընկեր (ԵՄ պաշտոնյայի խոսքով) Ադրբեջանից։ Եվ այդ զորքերը հավերժ կմնան մեր տարածաշրջանում ու չեն հեռանա, ինչպես ժամանակին Կլիկիայից, Ռուանդայից և այսօր էլ՝ Աֆղանստանից։
Այսպիսով հարց եմ ուղղում բևեռներին և բևեռանմաններին, եթե դուք ամեն ինչ փողով եք հաշվում, ապա շուրջ 30 տարիներին ռուսական ռազմաբազայի և սահմանապահների կողմից մեր պետության անվտանգության ապահովումը որքա՞ն գումար է կազմում։ Թե՞ ձեզ համար ամեն ինչ չափվում է նաղդ փողով։ Բնական է, որ Ռուսաստանն այստեղ զորամիավորում է պահում ոչ մեր սիրուն աչքերի համար, այլ առաջին հերթին իր անվտանգության շահերից ելնելով։ Բայց սա այն դեպքն է, որ մեր շահերը համընկնում են։
Ի դեպ, փողի մասին։ Ծանոթներիցս մեկն անցյալ տարի հետաքրքիր միտք հայտնեց․ «Եթե Հայաստանում ընտրություններին 10 000 դրամ փող էր բաժանվում, պարզ չի՞, որ այդ իմացել են նաև մեր թշնամիները։ Եթե առանձին մարդը ծախվում է այդքան գումարով, ապա կարելի է միլիոնավոր դոլարներ ծախսել և գնել ողջ Հայաստանը»։ Եվ իսկապես, ԵՄ-ի տրամադրած գումարով հրճվողները վերն ասվածի փայլուն օրինակն են։ Փոխանակ մտածելու Հայաստանի տնտեսությունը զարգացնելու, հնարավորինս Հայաստանը դարձնելու տնտեսապես զարգացած պետություն, մուրացկանի պես փող ենք մուրում։
Եվ, այո՜, համոզված եմ, որ ինչպես խեղճուկրակ 10 000 դրամով քվեարկողները, այնպես էլ բևեռանմանները մտավարժանքներ են անում, իհարկե, ավելի մեծ գումարներով։ Եվ կարևոր չէ, թե այդ գումարն ինչ արժույթով է՝ դոլարո՞վ, եվրոյո՞վ, թե թուրքական լիրայով, կամ ադրբեջանական մանաթով։ Եվ եթե վաղն իսկ անհրաժեշտ լինի՝ ռուբլով։ Նրանց համար Արցախ, պետական անվտանգություն, հայրենիք հասկացողությունները ոչինչ են՝ փողի դիմաց։ Հետաքրքիր է, թե Արցախից հետո որքա՞ն գումար կարժենա Սյունիքը։Այո՜, համոզված եղեք, որ Սյունիքը կորցնելուց հետո, արդեն տասնյակ միլիարդավոր դոլարների օգնություն կստանա մնացյալ, խղճուկ Հայաստանը։ Այնպես որ, բևեռանմաններ, անցեք գործի՝ «մաքրենք Հայաստանը սյունեցի տականքներից»։
Չե՞ք տեսնում աշխարհաքաղաքական մեծ խաղը։ Այս պայմաններում պետք է չափազանց աչալուրջ լինել, պատմության աղբանոցում չհայտնվելու համար։ Թե չէ՝ փո՛ղ, փո՛ղ, փո՛ղ․․․
Չարագուշակություն չանեմ, բայց այն ուղիով , որով գնվում է Հայաստանի իշխանությունը, հաշվի առնելով նաև պաշտոնակատարի «ջերմ» հանդիպումը թունդ արևմտամետ, հակառուս, «իմաստուն» մարդ-կուսակցությունների հետ, ապա շուտով Սյունիքի կորստից հետո, պահանջ կներկայացվի ռուսական զորամիավորումների հեռացման մասին։ Եվ Հայաստանի կործանումից հետո, նույն բևեռները կգոչեն․ «Էլի Ռուսաստանը ծախեց»։
Եվ վերջում, ինչպես միշտ՝ հայտարարում եմ, որ պատրաստ եմ հրապարակային բանավեճի բևեռանմանների հետ, նախապես իմանալով, որ չեն համարձակվի համաձայնել։ Նրանք սովոր են միակողմանի, առանց ընդդիմախոսի քարոզել իրենց տերերի հանձնարարականները։
Հ․Գ․ Համոզված եմ, որ հոդվածը կարդալուց հետո բևեռանման գործիչները ինձ կանվանեն «ռսի ստրուկ, ռուսուլման» և այլն։ Սրանք այն մարդիկ են, որ ժամանակին եղել են մարքսիզմ-լենինիզմի «մասնագետներ», կոմունիստ-կոմերիտականներ, ԿԳԲ-ի գործակալներ, ռուսախոսներ։ Այն ժամանակ փողն այնտեղից էր, այսօր․․․»
--00--ԿԿ